Իմ Խոհանոցը

Ֆուրշետը երեկույթի կազմակերպման եղանակներից մեկն է: Ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է`  պատառաքաղի վրա», ինքնին հասկանալի է, որ ֆուրշետի ընթացքում գործածվող հիմնական առարկան պատառաքաղն է: Ֆուրշետն ունի մեկ առավելություն. հյուրերին անընդհատ սպասարկելու կարիք չկա. նրանք միաժամանակ զրուցում են և իրենք իրենց սպասարկում:

Նեղ ու երկար սեղանը տեղադրում են սենյակի կենտրոնում կամ պատի տակ: Սեղանը ծածկում են մեկ  երկար կամ մի քանի միանման սփռոցներով: Պատի մոտ գտնվող սեղանի հիմնական զարդը պետք է գտնվի պատի կողմում, կենտրանական մասում: Սփռոցի եզրերը պետք է ծածկեն սեղանի ոտքերը: Մոմերը կամ ծաղիկները ցանկալի են սեղանին:  Ընտանեկան հավաքույթներին հարմար են նուրբ, բաց երանգի ծաղիկները: Պաշտոնական հանդիպումների համար կարելի է կարմիր, մուգ կարմիր ծաղիկներ պատվիրել: Բաց կապույտ ծաղիկները միայն ցերեկույթների համար գնեք, արհեստական լույսի տակ նրանք երանգը փոխում են:
Սեղանի եզրին դրվում են անձեռոցիկները, բաժակները, ափսեները: Այն ափսեները, որոնցով հյուրերը մոտենալու են սեղանին, պետք է լինեն բավականաչափ ամուր և մեծ: Կան նաև հատուկ ափսեներ, որոնց վրա բաժակի համար փոսիկ կա: Ափսեները պետք է հյուրերի թվից շատ դրվեն, որպեսզի երեկույթի ընթացքում փոխելու կամ լվանալու կարիք չլինի:Բաժակների մոտ դրվում են թունդ խմիչքները: Հյութերը դրվում են սափորներով կամ լցվում են բաժակների մեջ: Հանքային ջուրը մատուցվում է շշերով: Ուտեստները դրվում են սեկտորներով խմբավորված` մսային, ձկնային, բանջարեղենային կերակուրներ: Նախուտեստները դրվում են սեղանի եզրին, խորքում դրվում է հիմնական ուտեստը: Հացը դնում են միջնամասում: Հաճախ հաց չի մատուցվում, քանի որ այն արդեն կա բուտերբրոդների, վաֆլու ափսերիկների, կրեկերի տեսքով: Սպասքի այն առարկան, որով պետք է վերցնել ուտեստը, դրվում է կերակրի մոտ: Նախուտեստի մոտ դնում են սոուսները: Աղցանները դրվում են առանց թացանի, որ ամեն մեկն իր ճաշակով ավելացնել սոուսը կամ մայոնեզը: Սեղանին դրվում է աղ, պղպեղ:  Իբրև նախուտեստ մատուցվում է մինչև երեք տեսակի ուտեստ, հետո բերում են տաք կերակուրն ու աղանդերը:

Ափսեների միջև պետք է տարածություն մնա, որ սեղանը շատ ծանրաբեռնված չթվա: Սեղանի մոտ դրվում է փոքրիկ սեղանիկ գործածված ափսեների համար: Ֆուրշետի սեղանի համար անհրաժեշտ է բազմազանություն ապահովել, այն ոչ պակաս ծախսատար է, ոչ էլ պակաս աշխատատար, քան մեր ավանդական հայկակական սեղանները: