Իմ Խոհանոցը

Նոր տարին հայերիս համար հատուկ տոն է: Սա իհարկե առաջին հերթին ընտանեկան տոն է, երբ հաճախ ցրված ընտանիքը հավաքվում է նույն սեղանի շուրջ: Հետո գալիս են հարազատներն ու ընկերները, և բոլորը միասին նորից հավաքվում են նույն սեղանի շուրջ: Փաստորեն սեղանը դառնում է տոնի, ուրախության, ընտանեկան ջերմությունն ու ընկերական հաճելի մթնոլորտն ապահովող գլխավոր դերակատարը: Դրա համար էլ զարմանալի չէ, որ հայերը ձգտում են ճոխ ու գեղեցիկ ամանորյա սեղան ունենալ, չէ ՞ որ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը հավանաբար իր նախընտրած ուտեստն ունի, իսկ ընկերների առաջ սեփական խոհանոցային գլուխգործոցներով հանդես գալու առիթը չի ցանկանում կորցնել և ոչ մի իրեն հարգող կուլինար: Դե իհարկե, հանուն արդարության պիտի նշենք, որ ամանորյա ճոխ սեղանը հաճախ դուրս է գալիս այս կոնտեքստից և գործում է բոլորովին այլ, երբեմն “ծայրահեղական” տրամաբանությամբ: Այս պարագայում մարդիկ ոչ թե ուրախանում են իրենց գցած սեղանից, այլ դեպրեսիայի մեջ են ընկնում, որովհետև չափից շատ գնած ուտելիքը ստիպված են լինում ի վերջո դեն նետել` ափսոսելով այնքան անխոհեմ ծախսված փողն ու անիմաստ չարչարանքը: Առաջարկում ենք ծայրահեղությունների մեջ չընկնել և կենտրոնանալ սեղանի յուրօրինակ ձևավորման, ուտեստների համի ու յուրահատուկ մատուցման և սեղանի շուրջ տիրող ջերմ ու հաճելի մթնոլորտ ստեղծելու վրա: Մտովի պատկերացրեք ձեր սեղանը, բոլոր ուտեստները ու ըմպելիքը, որ լինելու են սեղանին, սպասքը, պատկերացրեք սեղանի սփռոցի ու անձեռոցիկների գույները, ափսեների ու բաժակների նախշերն ու ձևերը: Հիմա փորձեք այս բոլորը ամբողջացնել մեկ պատկերում: Պատկերացրեցի ՞ք: Եթե պատասխանեցիք “ոչ”, ուրեմն հանգստացեք և նորից փորձեք: Դա հատուկ աշխատանք է, այնպես որ, եթե բարձր արդյունք եք ուզում, պետք է նաև որոշակի ճիգ գործադրեք: Շարունակում ենք պատկերացնել … Ամբողջական այս պատկերում փորձեք ավելացնել տարբեր զարդարանքներ` մոմեր, անձեռոցիկների պարագաներ, եղևնու ճյուղեր, կոներ, տոնածառի խաղալիքներ և այլն: Մի սահմանափակեք ձեր երևակայությունը: Ահա մի քանի գեղեցիկ օրինակ.



Օգտվողների գնահատում. 0 / 5