Հայկական Խոհանոց
Հայկական խոհանոցի առանձնահատկությունը
Հայկական խոհանոցի առանձնահատկություններից մեկն այն է, որ հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային և բանջարեղենային ճաշատեսակներում: Կարևոր առանձնահատկություններից են նաև օրգանական բանջարեղենի, համեմունքների, մրգերի, խոտաբույսերի և կանաչեղենի գործածությունը ինչպես թարմ, այնպես էլ չորացրած, թթու դրած և մարինացված վիճակում: Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով և կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր, չաման, համեմ, անանուխ, թարխուն, ռեհան, ծիթրոն և մի շարք նրբահամ կանաչեղեն, իսկ հրուշակեղեն պատրաստելիս օգտագործվում է դարչին, մեխակ, հիլ, վանիլ, զաֆրան և այլն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն և ծաղիկներ` որպես համեմունք և նույնիսկ` որպես հիմնական ճաշատեսակ: Հայերի սնունդի մյուս բնորոշ առանձնահատկությունն այն է,որ սննդի մեջ շատ կերակրաաղ է գործածվում։ Համեմունքներն ու կանաչին, ձուկը, միսն ու կաթը, աղն ու հացը, աղբյուրի ջուրն ու խոհարարի հմտությունը հայկական ուտեստներին յուրահատուկ և անկրկնելի համ են տալիս: Հայկական խոհանոցի հազար ու մի գաղտնիքներից մեկն էլ այն է,որ հայ ավանդական յուրաքանչյուր կերակրատեսակի մատուցման և պատրաստման ձևը ենթադրել է որոշակի ծիսական արարողակարգ` պար, երգ, բանաստեղծություն, կենաց: Հայերի համար սնվելը միայն քաղցը հագեցնելու միջոց չէ, այլև` հաճույքի, շփվելու,զրույց տանելու, խրատական նշանակություն էլ է ունեցել, ինչպես օրինակ` մեր խրատական կենացները:
Հայկական տոնական ճաշատեսակները
Հայկական խոհանոցը սերտ կապ է ունեցել տոնածիսական արարողությունների հետ: Ըստ մասնագետների` ազգային յուրաքանչյուր կերակրատեսակի պատրաստումը որոշակի ծիսակարգ և նշանակություն ունի: Օրինակ` Սուրբ ծննդյան տոնին հայերը փոխինդից խաշիլ են պատրաստել, Համբարձման տոնին` կաթնապուր, Սուրբ Խաչին թոնրում ուլ են խորովել: Հայ մարդու ստեղծագործ միտքը դարեր շարունակ հրաշալի կերակրատեսակներ է հորինել, որոնցում համադրվել են օգտակարն ու համեղը, ավանդույթն ու ծեսը: Եվ պատահական չէ, որ մեզ` հայերիս կոչում են համեղ կերակուրների սիրահարներ, իսկ երկիրը` համեղ Հայաստան: