Ինչպես պատրաստել կալկուկսու - լապշայով հավի ապուր
Կաթսայի մեջ 2 լ սառը ջուր լցնել, դնել կրակին, ավելացնել հավի դոշը, 2 մասի կտրած գլուխ սոխը, սխտորի ամբողջական պճեղները, եփել 1 ժամ: Ալյուրը մաղել թասի մեջ, ավելացնել օսլան, 1 թ.գդալ աղ, 2 ճ գդալ բուսայուղ, 200 մլ ջուր լցնել, խմոր հունցել, դնել սննդային թաղանթի մեջ, թողնել հանգստանա: Դդմիկը շեղորեն բարակ օվալների կտրտել, ապա լուցկու չոփիկի հաստության ձողիկներ կտրտել, լցնել թասի մեջ, աղ անել, խառնել, թողնել հյութը դուրս գցի: Խմորը կիսել, գնդել, ուղղանկյան ձևով շատ բարակ բացել, ծալծլել այնպես, որ 8 սմ լայնության ժապավեն ստացվի, սուր դանակով 2-3 մմ լայնության բարակ ժապավեններ կտրտել, դրանք թափահարել, որպեսզի ժապավենները բացվեն, վրան քիչ ալյուր շաղ տալ, խառնել, որպեսզի իրար չկպնեն: Կաթսայից հանել հավի դոշը, դնել տախտակին, սոխը հանել մի ափսեի մեջ, իսկ սխտորի պճեղները հավանգի մեջ: Սխտորի պճեղներին 1 թ.գդալ աղ, 2 թ.գդալ սոյայի սոուս լցնել, սև պղպեղ անել, տրորել: Դոշի միսը քրքրել, վրան ավելացնել սխտորի սոուսը, խառնել: Արգանակին 1 թ.գդալ աղ, 1 ճ.գդալ սոյայի սոուս ավելացնել, մեջը գցել կտրտած լապշան, եփել մինչև պատրաստ լինի: Տապակի մեջ բուսայուղ լցնել, դնել կրակին: Դդմիկի հյութը մզել, շերտիկները տապակել 2 րոպե, ապա ծածկել կափարիչով, շոգեխաշել 3-4 րոպե: Մատուցվող ափսեի մեջ լցնել լապշան, քիչ արգանակ ավելացնել, վրան տարածել հավի միսը, դդմիկը, համեմել սև պղպեղով և մատուցել: Փորձեք այն ուտել ձողիկներով: